Մեր Մասին

    Այսօր «Մետրոշին» բաց բաժնետիրական ընկերությունն ամփոփելով իր անցած 30 ամյա տարեգրությունը միայն մի հարցում է ափսոսանք ապրում, որ որպես մետրոշինարար դեռ իր խոսքը մինչեւ վերջ չի ասել, որովհետեւ 1987թ.-ին ստեղծված ընկերությունը խորհրդային կարգերի փլուզումից հետո միայն մետրոյի «Չարբախ» կայարանի շինարարությունում հասցրեց թողնել իր այցեքարտը: Կառուցումն ու արարումն իբրեւ դարերից եկող  յուրօրինակ արվեստ, շարունակ զարգանալու իր առանձնահատկություններն ունի: Եվ իր գործում հաջողում է այն կառուցողը` շինարարական կազմակերպությունը, որը տիրապետում է այդ արվեստի ավանդույթներին ու նրբություններին, կարողանում է նաեւ ժամանակի հետ քայլել, ինչը նշանակում է նախեւառաջ ունենալ պատրաստված, հմուտ եւ իրազեկ կադրեր:  Վերակազմավորված կամ, ինչպես նշում են` վերապրոֆիլավորված ընկերությունը սեփականաշնորհվեց 1996-ին: Աստիճանաբար ներգրավվեցին քաղաքաշինական մեծ ու փոքր, պետական եւ մասնավոր ծրագրերում: 2000թ.-ից հետո «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված մի շարք կառույցներ ընկերության կենսագրության եւ զարգացման նոր փուլի համար բավական լավ մեկնարկ հանդիսացան: Ի թիվս դրանց կառուցվեց Ծաղկաձորի հանրապետական մարզաբազայի փակ ջրավազանը. որպես խիստ սպեցիֆիկ կառույց, այնտեղ կիրառվեցին դեռեւս չօգտագործված բավական բարդ տեխնոլոգիաներ: Պետք է ասել, որ կոլեկտիվը պատվով կատարեց այս առաջադրանքը: Ընդ որում, փակ ջրավազանը կառուցվեց խիստ սեղմ ժամկետներում, բայց իհարկե ոչ ի հաշվիվ որակի, ինչի առթիվ «Մետրոշին» ԲԲԸ-ն արժանացավ հանրապետության նախագահի հատուկ շնորհակալագրին: Այդ կառույցին զուգահեռ ընթանում էին Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելի վերակառուցման աշխատանքները, որի Սեւանի հատվածի շինարարությանը ընկերության թունելագործները մասնակցում էին որպես ենթակապալառու: Ի պատիվ ընկերության, ամենածանր եւ վտանգավոր հատվածը շահագործման հանձնվեց առանց որեւէ պատահարի, ինչը խոսում է կոլեկտիվի անձնակազմի մասնագիտական բարձր վարպետության եւ կազմակերպչական կարողությունների մասին: Ապացո՞ւյցը. կառուցապատվող նոր Երեւանի դիմագիծն այսօր ամբողջանում է նաեւ այս ընկերության ձեռագրով. Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում, Գինու կոմբինատին հարակից տարածքում «Մետրոշին» իրականացնում է բնակելի-հասարակական բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարություն, ավարտուն տեսքի են եկել եւ կառուցման որակով լավագույնս կարող են վկայել հասուն ու բազմապրոֆիլ շինարարական կազամկերպության գոյության մասին: Ժամանակակից շինարարությունը պահանջում է, որպեսզի նոր շինությունները կառուցվեն համապատասխանաբար նոր առաջադեմ տեխնոլոգիաներով եւ առավել արդյունավետ նյութերով: «Մետրոշին» ընկերության մասնագետները բոլոր այդ կառույցներում կիրառել են հենց այդպիսի տեխնոլոգիաներ, նախ այն պատճառով, որ գործ ունեն հիմնականում արտասահմանցի պատվիրատուների հետ, որոնք որակի նկատմամբ խստապահանջ են եւ, որպես կանոն, կառույցներում պարտադիր կերպով օգտագործում են ժամանակակից բարձրորակ նյութեր, առաջնակարգ սարքավորումներ: Շինարարությունը սպասարկող նյութերն ու աքսեսուարները (դուռ, պատուհան, վիտրաժ եւ այլն) պատրաստվում են ընկերության արտադրամասերում: Ներկայումս ընկերության աշխատակազմը բավական ընդգրկուն է` 350 աշխատող, որոնց մեծ մասը երիտասարդներ են, իսկ առավել փորձառու կադրերին, հատկապես թունելագործներին, բաց թողնել չեն պատրաստվում. նրանց գիտելիքներն ամենաթանկ արժեքն ունեն թե գործի մեջ եւ թե երիտասարդ սկսնակ կադրերի համար: Որպես կայացած եւ շինոլորտում ուրույն ձեռագիր ունեցող ընկերություն, «Մետրոշին» ստեղծել է նաեւ իր նախագծային ընկերությունը` «Մետրոնախագիծը», որի անմիջական ջանքերով, ի դեպ, նախագծվեց ու կառուցվեց ընկերության վարչական շենքը: Այն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր էքստերիերով, այլեւ ինտերիերի ժամանակակից լուծումներով: